Ուկրաինայի իրադրության պատճառով ՆԱՏՕ-ի հետ շփումները կասեցնելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որոշումն էական չէ դաշինքի աշխատանքի համար: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը կասեցնելու մասին, որը, նրա խոսքով, «շանտաժային գործողություններ է ձեռնարկում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների նկատմամբ՝ ցուցադրելով, որ նրանք խիստ դժգոհ են վերջին ամիսներին Ռուսաստանի գործողություններից»:
Դաշինքի ներկայացուցիչն ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ն հարաբերություններ չունի ՀԱՊԿ-ի հետ, ուստի նման որոշումներն էական չեն մեր աշխատանքի համար»: «ՆԱՏՕ-ն կենտրոնացած է մեր ներկայիս գործընկերային հարաբերությունների ներուժի իրացման վրա: Մասնավորապես, մենք ունենք Հյուսիսատլատնյան գործընկերության խորհուրդ, որի մեջ տարածաշրջանի բազմաթիվ այլ երկրների հետ միասին մտնում են ՀԱՊԿ-ի բոլոր անդամները»,- նշել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: