Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ին Ռուսաստանի Դաշնության առաջարկներից հետո լարվածությունն Արեւելյան Եվրոպայի ուղղությամբ պետք է նվազի, երկուշաբթի ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է, որ կազմակերպության պատասխանատվության գոտու արեւմտյան սահմաններում իրավիճակը «հեռու է կայուն լինելուց»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով' ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի ուժեղացում է տեղի ունենում, «այդ թվում' հարձակողական խնդիրներ լուծելու ունակ ուժերի խմբերի», թշնամական հռետորաբանության ավելացում, նոր պատժամիջոցների ներդրում, վտանգավոր սադրանքների կազմակերպում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մերձակայքում:

«Այդ իրադարձությունները չեն կարող չանհանգստացնել, եւ, իհարկե, դրանք առանց կազմակերպության ուշադրության չեն մնում... Ես կարծում եմ, որ Ռուսաստանի՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Հյուսիսատլանտյան դաշինքին ուղղված առաջարկներից հետո, լարվածությունն արեւելաեվրոպական ուղղությամբ ՀԱՊԿ-ում պատասխանատվության տարածքում պետք է նվազի»,- ասել է Զասը։

«Ոչ ոք պատերազմ չի ուզում», - ընդգծել է նա «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում: