ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացված են Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում երեխաների նկատմամբ ցուցաբերվող բռնության և դաժան վերաբերմունքի դեպքեր: ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ ասված է.

 

«Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին: Կիսաբաց դռնից հետևելով պարապմունքին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին և անվայել արտահայտություններով դիմում նրան: Երեխաները վախենում են տնօրինությունից և միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Բայացահայտվել են նաև սննդի պահման պայմանների խախտումներ:

 

Այս ամենը բացահայտվել է Մարդու իրավունքների պաշտպանի բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի (ԲԿԱՄ) կողմից, որը ստեղծվել է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դրսևորումները կանխելու նպատակով: Ի դեպ, նախորդ այցելությունների ընթացքում, Օմբուդսմենի ներկայացուցիչների կողմից հաստատության տնօրենին բազմաթիվ անգամ զգուշացվել է ժամկետանց սննդի չօգտագործման, սննդի պահման պայմանների ապահովման և այլ խնդիրների շտկման անհրաժեշտության մասին:

 

Նշված խնդիրների մասին տեղեկացվել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որը նույնիսկ իրազեկվելուց հետո միակողմանի և ոչ լիարժեք է իրականացրել խնդրի ուսումնասիրությունը: Այսինքն՝ բացատրագրեր են վերցվել միայն այն աշխատակիցներից, ում գործողությունները եղել են խնդրահարույց և ընդհանրապես չեն լսել հաստատությունում սովորող երեխաների կարծիքը: Ուսումնասիրության ձևաչափի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով, Օմբուդսմենի տեղակալԳենյա Պետրոսյանն անմիջապես կապ է հաստատել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի հետ: Ցավոք, փոխնախարարի արձագանքը ևս պատշաճ չի եղել:

 

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պահանջում է հրատապ միջոցներ ձեռնարկել Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում արձանագրված խախտումների վերաբերյալ լիարժեք, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, նման դեպքերը բացառելու և թերացում թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: