Եվրոպայի դեմոկրատական եւ խաղաղության մեջլիսի եւ քրդական ազատագրական շարժման անդամ Ռոժդեն Յալդըրըմը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ին արած հայտարարության մեջ անկեղծություն չի տեսել: Վարչապետի ելույթում Յալդըրըմը փնտրել է «ցեղասպանություն» բառն ու չի գտել: Հենց դա էլ վրդովվեցրել է քուրդ գործչին: «Անհրաժեշտ է իրերն իրենց անունով կոչել եւ պատասխան տալ մեկ դար առաջ կատարած ոճրագործություն համար: Էրդողանի հայտարարության մեջ մեծ փոփոխություն չտեսա: Եթե «ցեղասպանություն» բառը չի արտաբերում եւ չի ասում, որ իրագործել են, դա մեզ համար փոփոխություն չէ: Էրդողանը իր հայտարարությամբ ասել է, որ հայերն առաջին աշխարհամարտի ժամանակ զոհվել են, դա մեծ փոփոխություն չէ Թուրքիայի դիրքորոշման մեջ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Յալդըրըմը' հավելելով, որ այդ գաղափարախոսությունը Թուրքիայում առաջ են տանում ազգայնականներն, ու հենց նրանց գաղափարախոսության վրա է կառուցված Թուրքիայի այսօրվա պետական քաղաքականությունը:

 

Յալդըրըմը նշում է, որ Եվրոպայի դեմոկրատական եւ խաղաղության մեջլիսը գործում է հասարակական հիմունքներով. կառույցի կազմում է 57 կազմակերպություն, մեջլիսն ունի ավելի քան մեկ միլիոն անդամ:

 

«Հայոց ցեղասպանության հարցը, հայերին զորակցելն ու պահանջելը, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, մեջլիսի հիմնական առաքելությունն է»,- ասում է Յալդըրըմը' հավելելով, որ այդ նպատակով բազմաթիվ քննարկումներ են կազմակերպել, ասուլիսներ հրավիրել եւ պայքարել ցեղասպանության ճանաչման համար:

 

Քուրդ գործչի խոսքերով, իրենց ուշադրության կենտրոնում Թուրքիայում ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդներն են'հայեր, հույներ, ասորիներ: «Թուրքիան արյունով է սկսել իր ճանապարհը որպես ժողովրդավարական պետություն եւ ժամանակն է, որ նա այդ արյունը մաքրի իր արյան վրայից»,- ասում է նա:

 

Արյունը չի մաքրվել նաեւ քուրդ ժողովրդի պատմությունից եւ հիշողությունից: Քուրդ ժողովուրդն էլ է աջակցել թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության իրագործմանը, սակայն, ըստ Յալդըրըմի, քուրդ ժողովուրդն այժմ շատ է փոխվել, եւ նրա գիտակցության մեջ եւ արժեհամակարգում լուրջ տեղաշարժեր են կատարվել:

 

«Քուրդ ժողովուրդի մասին պատկերացումներն անցյալում են: Վերջին 30 տարվա ընթացքում քրդերը շատ են փոխվել: Համիդյան ջարդերի ժամանակ, ցավոք, բազմաթիվ քրդեր համագործակցել են Թուրքիայի հետ: Մենք ամաչում ենք այդ համագործակցության համար եւ ներողություն խնդրում հայերից»,- ասում է քուրդ գործիչը' հավելելով, որ քուրդ հասարակության գիտակցությունը բարձրացնելու նպատակով իրենք կազմակերպել են քննարկումներ, ներկայացրել ցեղասպանությունների խնդիրը, հետեւանքներն ու կանխարգելման անհրաժեշտությունը: «Քուրդ հասարակությունը տեղյակ է, թե ինչ է կատա րվել մեկ դար առաջ: Յուրաքանչյուր տարի քրդական ազատագրական շարժման բազմաթիվ անդամներ այցելում են Հայաստան, ապրիլի 24-ին բարձրանում Ծիծեռնակաբերդ, այդ կերպ հարգելով անմեղ զոհերի հիշատակն ու ներողություն խնդրելով իրենց նախնիների' ոճրագործությանը մասնակցություն ունենալու համար»: