Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել փոքր մարդատար մեքենաների համար սահմանված «շքեղության հարկը»: Նախագծին կողմ քվեարկեց 67 պատգամավոր, մեկն էլ' ձեռնպահ: Ոչ իշխանական ուժերը չմասնակցեցին քվեարկությանը:

 

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքերի հավաքագրմամբ:

 

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 06.12.2011թ. ընդունված օրենքի կիրառման արդյունքում վեց անգամ նվազել են «շքեղության հարկով» հարկվող ավտոմեքենաների ներկրման ծավալները և ՀՀ պետական բյուջե մուտքագրվող գումարների չափը: Հաշվի առնելով, որ տվյալ հարկատեսակով սահմանված մեխանիզմը չի ծառայում իր նպատակին՝ առաջարկվում է հանել թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված ակցիզային հարկը:

 

Նախագծի ընդունումից հետո ակնկալվում է ներկրման ծավալների զգալի ավելացում և դրանով պայմանավորված՝ ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքերի հավաքագրում: