«Ժառանություն» կուսակցության նախագահ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Թուրքիայում, մասնակցելով Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումներին, իր խոսքը սկսել է հետևյալ նախադասությամբ. «Հայոց ցեղասպանությունը փաստված իրողություն է, որը ոչ միայն ցեղի սպանություն էր, այլև հայրենիքից զրկում»: Այս մասին քաղաքական գործիչը հաղորդեց լրագրողների հետ հանդիպմանը: «Վեցօրյա այց եմ կատարել Թուրքիա, որի ընթացքում մասնակցել եմ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների' կազմակերպված հայ համայնքի, առաջադեմ թուրքերի ու քրդերի կողմից: Առիթ ունեցա հանդիպելու նաև պոլսահայ երիտասարդության հետ, ուրախ էի, որ կա նոր սերունդ, ով գնահատում է իր ինքնությունը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած հայտարարությանը' Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այն աննախադեպ էր Թուրքիայի նորագույն պատմության ընթացքում: «Հայոց ցեղասպանությունը վերապրող սերնդի թոռները, սակայն, ովքեր ապրում են Հայաստանում և սփյուռքում, խիստ վերապահումով են մոտենում այս հայտարարությանը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը' շեշտելով, որ այդ հայտարարությունը Թուրքիայի ժխտողականության արդիական վերափաթեթավորված տեսակն է, որը լավ է հնչում Արևմուտքի ականջներին:
«Նրանք նույնիսկ չսպասեցին Օբամայի հայտարարությանը, առաջին քայլն արեցին, որը, վնասների նվազեցում էր 100-րդ տարելիցի նախաշեմին: Եթե իսկապես նրանք ցավում են, ուրեմն պետք է այս հայտարարությանը հաջորդեն փոփոխություններ»,-ավելացրեց Հովհաննիսյանը' հավելելով, որ հայ ժողովրդի իրավունքները պետք է վերականգնվեն իրենց պատմական հայրենիքի նկատմամբ:
Ներկայացնելով Թուրքիայում հնչեցրած իր հայտարարությունը' Րաֆֆի Հովհաննիսյանն նշեց, որ որոշ երևանյան կայքեր ճիշտ չեն մեկնաբանել իր ասածը և շտապել են որոշ որակումներ անել: «Ես բոլորին ասել եմ հետևյալը. մեր իրավունքների վերականգնման միջոցներից մեկը կարող է լինել Թուրքիայի կառավարության կողմից առանց քաղաքացիության շնորհման դեպի ազգային օջախ վերադարձի հնարավորության տրամադրումը, մինչ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը: Նրանք, ովքեր հայրենիք են կորցրել, պետք է իրավունք ունենան առանց քաղաքացիություն փոխելու վերադառնալ պատմական հայրենիք»,-եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: