Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությունները մեկնարկել են քաղաքի «Հայդարփաշա» կայարանից: Նախորդ տարվա համեմատ' այս տարի հիշատակի արարողության մասնակիցների թիվն ավելի շատացել է: Ներկա են գտնվել ինչպես սփյուռքի ներկայացուցիչներ, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպաններ ու ակտիվիստներ: Աս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

 

«Հայդարփաշա» կայարանն այն վայրն է, որտեղից 1915 թվականի ապրիլի 24-ին 220 հայ մտավորականներ բռնի տարվել են աքսորի: Արարողության մասնակիցներից 50-ը իրենց ձեռքներում են պահել աքսորված հայերի լուսանկարները:

 

Նախաձեռնությանը ելույթով հանդես եկած Հայկական բարեգործակալան ընդհանուր միության (AGBU) Եվրոպայի խոսնակ Նիկոլաս Դավիթյանը, հիշեցնելով, որ տեղի ունեցած իրադարձություններից անցել է 99 տարի, նշել է, որ հատկապես Ստամբուլից, ինչպես նաև այլ երկրներից Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է: Դավիթյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն թուրքերին, ովքեր աջակցություն են ցուցաբերել հայերի պայքարին: Միաժամանակ, նա անբավարար է համարել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը:

 

Նրանից հետո խոսքով հանդես եկած ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է, որ Էրդողանի հայտարարությունը պարզապես բաղկացած է եղել բառախաղից: «Այսօր այնտեղից, որտեղից մեր մտավորականները բռնեցին մահվան ճանապարհը, ոգեկոչում ենք նրանց»,- հայերեն և անգլերեն ասել է Հովհաննիսյանը: