Անհրաժեշտ է վերջ տալ զինված գործողություններին, սկսել ազգային երկխոսություն սահմանադրական բարեփոխումների շրջանակներում' բոլոր մարզերի եւ քաղաքական ուժերի մասնակցությամբ: Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում հենց այս խնդիրների լուծումն է առանձնացրել Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման համար:

 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ: Գերմանիայի կանցլերը կարեւորել է ԵԱՀԿ միջնորդական առաքելության գործունեությունն Ուկրաինայում: Կանցլերը նաեւ հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ներկայացուցիչները մոտ ժամանակահատվածում ազատ կարձակվեն եւ կկարողանան իրենց առաքելությունն իրականացնել:

 

Երկու երկրների ղեկավարները խոստացել են մոտ ժամանակահատվածում կրկին քննարկել Ուկրաինական ճգնաժամը: Մերկելի գնահատմամբ, ուկրաինական ճգնաժամը համաշխարհսյին մեծության հարց է, եւ խնդրի չկարգավորված լինելը վնասում է բոլոր պետություններին:

 

Մարտի սկզբներից իրավիճակը թեժացավ արդեն երկրի հարավում: Դոնեցկ, Խարկով եւ Լուգանսկ քաղաքներում շարունակվում են հանրահավաքները, որոնք ուղեկցվում են բռնություններով եւ ձերբակալություններով: