Ադրբեջանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան հակամարտության գծով այդ երկրի նախագահի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը մեղադրանքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հասցեին եւ պահանջել հետ կանչել նրան այն բանի համար, որ նա ցանկություն է հայտնել հանդիպել ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ:
Ադրբեջանցի փոխարտգործնախարարն այսօր տարածած հայտարարության մեջ քննադատել է Ուորլիքին' հակամարտության կարգավորման հիմքում ընկած միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը «կամայականորեն մեկնաբանելու» համար: Նրա խոսքով' ամերիկացի համանախագահի որոշ արտահայտություններ «ընդհանրապես սադրիչ բնույթ են կրում»: «Մեզ հայտնի է, որ ամերիկացի համանախագահը սերտ կապեր է պահպանում ԱՄՆ-ի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Twitter-ում Ուորլիքի գրառումներ ից երեւում է, որ հակամարտության կարգավորման նկատմամբ ամերիկացի համանախագահը հանդես է գալիս չհաշտեցնող դիրքերից, եւ գերադասում է ավելի շատ շփվել ԱՄՆ-ի հայկական սփյուռքի հետ», -նշել է նա:
Արազ Ազիմովը Ջեյսմ Ուորլիքին «մեղադրել» է իբրեւ թե հայերի կողմից «պատվիրված» արտահայտություններ կատարելու մեջ:
Որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Ջեյմս Ուորլիքը մտադիր է այսօր ելույթ ունենալ Կալիֆորնիայում հայկական սփյուռքի կողմից կազմակերպված' «Դեպի առաջ ուղին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ինքնորոշումը» խորագրով միջոցառման ժամանակ: Ազիմովը «գտնում» է, որ ամերիկացի համանախագահի մասնակցությունն այդ միջոցառմանն «անթույլատրելի» է:
Հայտարարության վերջում, որը տարածել է APA լրատվական գործակալությունը, Արազ Ազիմովը պահանջում է. «Ասվածը ադրբեջանական կողմին հիմք է տալիս անվստահություն հայտնելու Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին, հրաժարվելու նրա հետ աշխատանքից եւ դիմելու ԵԱՀԿ գործող նախագահին' համանախագահի պաշտոնից Ուորլիքին հետ կանչելու համար: Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական կողմին այլընտրանք չի թողնում»:
Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է», եւ ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի: Նա նաեւ համոզմունք էր հայտնել, որ ղարաբաղյան խնդրի լուծման համար բանակցություններում պետք է որպես լիարժեք կողմ ընդգրկվի նաեւ պաշտոնական Ստեփանակերտը: «Հույն և թուրք կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են հիմնախնդրի երկարաժամկետ կարգավորման բանակցությունների: Իսկ ինչո՞ւ նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Ուորլիքը:
Այս տարվա փետրվարին Ջեյմս Ուորլիքը հանդիպումներ էր ունեցել Թուրքիայի պաշտոնական շրջանակների հետ, ինչի մասին գրառել էր Twitter-ի իր էջում: «Տարածաշրջանային խնդիրների, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված թուրքական կառավարության կարծիքն իմանալը օգտակար էր: Մենք հավատարիմ ենք Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափին», -գրել էր նա:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ գործընթացը սկսվել է 1994 թ., Բիշքեքում կնքված զինադադարից հետո: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Ներկայում բանակցություններն ընթանում են 2007 թ. նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան սկզբունքների հիման վրա: Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղար աբաղի լիիրավ մասնակցության: