Բաքվում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարել է, որ համաձայն չէ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի' մայիսի 1-ին արած հայտարարության հետ եւ միանգամայն անհիմն է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հետ կանչելու մասին նրա պահանջը: Այս մասին հայտնում է modern.az լրատվական կայքը:

 

Ադրբեջանական կայքը հայտնում է, որ դեսպանատանը նաեւ նշել են, որ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Ադրբեջանի Նախագահի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուրլիքին մեղադրել էր ԱՄՆ-ի հայկական սփյուռքի հետ «կապեր» ունենալու մեջ եւ հայտարարել նրան հետ կանչելու վերաբերյալ հարցի հնարավոր քննարկման մասին: Արազ Ազիմովը Ջեյսմ Ուորլիքին «մեղադրել» է Twitter-ում իբրեւ թե հայերի կողմից «պատվիրված» արտահայտություններ կատարելու մեջ: Ազիմովը «գտնում» է, որ ամերիկացի համանախագահի մասնակցությունը Կալիֆորնիայում հայկական սփյուռքի կողմից կազմակերպված' «Դեպի առաջ ուղին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար ինքնորոշումը» խորագրով միջոցառմանն «անթույլատրելի» էր:

 

Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում խոստովանել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է», եւ ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի: Նա նաեւ համոզմունք էր հայտնել, որ ղարաբաղյան խնդրի լուծման համար բանակցություններում պետք է որպես լիարժեք կողմ ընդգրկվի նաեւ պաշտոնական Ստեփանակերտը:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ գործընթացը սկսվել է 1994 թ. Բիշքեքում կնքված զինադադարից հետո: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Ներկայում բանակցություններն ընթանում են 2007 թ. նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան սկզբունքների հիման վրա: Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության: