ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն իր փորձն ու գիտելիքները կներդնի նախարարության առջև դրված խնդիրներին լուծումներ տալու համար: Կառավարության ղեկավարն այդ մասին նշեց ՀՀ ԱՆ աշխատակազմին նորանշանակ նախարարին ներկայացնելու ժամանակ: «Վստահ եմ, որ նախարարությունում սկսված բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

Կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Հրայր Թովմասյանին՝ համատեղ աշխատանքի համար և նշեց, որ նրա սկսած բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ: Հրայր Թովմասյանը ևս շնորհավորեց Հովհաննես Մանուկյանին և մաղթեց բեղմնավոր աշխատանք՝ ի բարօրություն մեր երկրի: Միաժամանակ, արդեն նախկին նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին և վարչապետին, որ հարգել են իր ցանկությունն ու խնդրանքը՝ կառավարությունում իր աշխատանքը չշարունակելու առումով:

 

Հովհաննես Մանուկյանը ևս շնորհակալություն հայտնեց հանրապետության նախագահին և վարչապետին՝ վստահության համար և նշեց, որ իր գլխավորած գերատեսչությունը շարունակելու է համակարգում ստեղծված բոլոր լավ ավանդույթներն ու ծրագրերը: «Համակարգն ունի լավ կադրեր, որոնց հետայսու ևս կօգտագործենք»,- ասաց Մանուկյանը:

 

Հովհաննես Մանուկյանը ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել ապրիլի 30-ին: