Մայիսմեկյան ցույցերի ժամանակ Թուրքիայում բերման ենթարկված բոլոր 173 անձինք ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացնում է հայկական «Ակոս» պարբերականը: Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատ տեղափոխված անձանց հարցաքննությունն ավարտվել է: Սկզբում ազատ են արձակվել նրանցից 37-ը, իսկ ավելի ուշ արդեն մյուս բերման ենթարկվածները: Ազատ արձակված անձանցից ոմանք արդարադատության պալատի առջև հիշատակի համար լուսանկարվել են:

 

Ստամբուլում Աշխատավորի օրվա' մայիսի 1-ի կապակցությամբ անցկացված երթի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներում 38 ցուցարար էր վիրավորվել:

 

Երթի մասնակիցները փորձել են մտնել Թաքսիմ հրապարակ, որտեղ Թուրքական արհմիութենական կազմակերպությունների համադաշնությունը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, կոմուսնիստական և քրդական կուսակցությունները մայիսի 1-ի տոնակատարության արարողություն են կազմակերպել: Ոստիկանությունը փակել է մասնակիցների մուտքը հրապարակ: Արդյունքում բախում է սկսվել ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև: Ոստիկանությունը մահակներ, արցունքաբեր գազ և ջրաշիթեր է կիրառել ցուցարարների դեմ: