Օդային փոխադրումների ոլորտում վերջին ամիսներին նկատվում է ուղևորների և չվերթների թվի կանոնավոր աճ, ինչը ՀՀ կառավարության կողմից հայտարարված «Բաց երկնքի» քաղաքականության արդյունք է: 2014թ. ապրիլին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 17 տոկոսով: Եթե 2013թ. ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 116 838 ուղևոր, ապա 2014թ. ապրիլի ցուցանիշը կազմում է 136 730 ուղևոր:

 

Չվերթների աճն այդ ժամանակահատվածում կազմել է 40 տոկոս: 2014թ. ապրիլին կատարվել է 1643 չվերթ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1175 չվերթի համեմատ: Եթե 2013թ. ապրիլին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթներ իրականացնում էր 27 ավիաընկերություն, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: