Եվրահանձնաժողովի նախագահի' Եվրոպայի ժողովրդական կուսակցության թեկնածու, Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ «Twitter-ն արգելափակած Թուրքիան Եվրամիությունում տեղ ունենալ չի կարող»: Այս մասին հաղորդում է թուրքական T24 անկախ ինտերնետային թերթը, Յունկերը հայտարարել է եվրոպական հեռուստաալիքներից մեկում Եվրահանձնա ժողովի նախագահի պաշտոնում Եվրոպայի սոցիալիստական կուսակցության կողմից թեկնածությունն առաջադրած Մարտին Շուլցի հետ բանավեճում:

 

Բանավեճի ծրագրում առաջ է քաշվել Թուրքիայի' ԵՄ անդամակցության հարցը: Յունկերն ասել է, որ եթե ինքն ընտրվի Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում, ապա իր նախագահության 5 տարիներին փակելու է Թուրքիայի' ԵՄ անդամակցության դռները: ««Twitter»-ն արգելողների մուտքը Եվրամիություն անհնար է», -հայտարարել է նա:

 

Ժան-Կլոդ Յունկերը շեշտել է նաեւ, որ Գերմանիայի նախկին վարչապետ Գերհարդ Շրյոդերի կողմից 1999 թ. Հելսինկիում տեղի ունեցած գագաթաժողովում Թուրքիային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալը «պատմական սխալ էր»: