Երեւանում կայացած Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշեց, որ երկու երկրների տնտեսական համագործակցությունն ու ապրանքաշրջանառությունը չի համապատասխանում այն հարաբերություններին, որ ունեն երկու երկրները քաղաքական եւ հասարակական ոլորտներում: «Տնտեսական համագործակցության առումով հսկայական ճանապարհ կա անցնելու եւ այսօր հավաքվել ենք այդ ճանապարհի եւ համագործակցության համար ուղի հարթելու: Նախ եւ առաջ պետք է լավ ճանաչենք Հայաստանի պայմանները եւ իրականացնենք տնտեսական դիվանագիտություն: Ֆրանսիական ձեռնարկությունները պետք է շատ ներդրումներ կատարեն Հայաստանում: Պայմաններն ու միջոցները հնարավորության սահմաններում պետք է պարզեցվեն»,- ասաց Օլանդը' հավելելով, որ Հայաստանում նկատում է փոփոխությունների շարք, բարեփոխումներ, որոնք էլ ավելի են հեշտացնելու ներդրումների կատարումը:
Օլանդի գնահատմամբ' հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության նոր սկիզբը կդրվի Երեւանում «Կարֆուր» հիպերմակետի բացմամբ: Նախագահը խոստովանում է, որ անհամբեր է եւ ցանկանում է րոպե առաջ տեսնել այն վայրը, որտեղ շուտով բացվելու է ֆրանսիական սուպերմարկետը: «Սա առաջին ներդրումն է, որ պետք է այլ ներդրողների էլ քաջալերի եւ օժանդակի: Պետք է կարողանանք հեշտացնել ներդրումների կատարումը, որը օգտակար կլինի երկու երկրների ժողովուրդներին:
Անդրադառնալով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրին' Օլանդը բարձր գնահատեց Վիլնյուսում ընդունված այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ: Նրա գնահատմամբ, անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակը' հասկանալու համար, թե ինչպես կարելի է կազմակերպել ԵՄ Ասոցացումը, որը չի խանգարի Հայաստանի' Մաքսային միությանն ինտեգրմանը: