Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայկական շուկան ներկայում գնում է ավելի շատ ապրանքների արտադրություն ստեղծելու ուղղությամբ' ի հակադրություն մինչ այս աութսորսինգին կողմնորոշված լինելուն:
Հայ-ֆրանսիական երկօրյա գործարար համաժողովի ժամանակ «Արմենեպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը: «Առ այսօր Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը աութսորսինգին է կողմնորոշված եղել: Ֆրանսիական տեխնոլոգիական ընկերությունների կողմից տարբեր նախագծերում ծրագրեր իրականացնելու մասնաբաժիններ ունենք: Այսօր, բարեբախտաբար, հայկական շուկան գնում է ավելի շատ ապրանքների արտադրություն ստեղծելու ուղղությամբ: Այն, որ մենք ունենք բավականին մեծ համայնք Ֆրանսիայում, կարող է վաճառքի մեջ մեծ դերակատարում ունենալ»,-ասաց Հայկ Չոբանյանը' միաժամանակ շեշտելով, որ Հայաստանը չի օգտագործում այն ներուժը, որ ունի Ֆրանսիայում:
«Ֆրանսիան Հայաստանի հետ եվրոպական ամենախոշոր գործընկերներից է, որքան գիտեմ, Ֆրանսիայում կես միլիոն հայ կա, բայց տնտեսական շրջանառությունը 30 միլիոն է, որը ծիծաղելի է թիվ է այդ ներուժի համեմատ: Մեծ ներուժ կա համագործակցությունը զարգացնելու: Բարեբախտաբար, Ֆրանսիան այն երկրներից է, որի հետ տեղեկատվական ոլորտի մի շարք ընկերություններ ուղղակի համագործակցում են, շատ չեն այդ երկրները Եվրոպայում, որոնց հետ ուղղակի համագործակցային հարաբերությունների մեջ ենք: Այդ առումով մեր ոլորտը ևս հետաքրքիր ակնկալիքներ ունի»,-ասաց Հայկ ՉոբոնյանÕ ¨:
Նրա խոսքով, համագործակցության արգելքների հաղթահարման յուրահատուկ մոտեցում է այն, որ Հայաստանում նույնիսկ հանրակրթության մեջ ֆրանսերենն ավանդաբար ընդունված լեզու է: «Նմանատիպ բիզնես ֆորմատի միջոցառումները կարող են օգտակար լինել, որովհետև այսօր հայկական տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները գտնվում են շուկաներ փնտրելու ճանապարհին, այս առումով նմանատիպ միջոցառումը կարող է շատ արդյունավետ լինել արտահանման տեսանկյունից: Տեխնոլոգիական ոլորտի բավականին թվով ընկերություններ են մասնակցում այս համաժողովին, և, կարծում եմ, այսօրվա միջոցառումն ավելի արդյունավետ կլինի ու հետագայում կունենանք շարունակություն»,-հույս հայտնեց Հայկ Չոբանյանը:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով, եթե Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հետաքրքիր է ամերիկյան բազմաթիվ առաջատար ընկերությունների համար, ֆրանսիական շուկայի համար պետք է որ ավելի հետաքրքիր լինի: «Հայտնի է, որ Հայաստանն ապավինում է բարձր տեխնոլոգիական արտադրություններին, և այդ առումով բավականին հետաքրքիր հաջողություններ են արձանագրվել տեղեկատվական, հեռահաղոդրակցային տեխնոլոգիաների ոլորտներում: Ֆրանսիան հայտնի է որպես առաջատար երկիր իր ինովացաիների և նորագույն տեխնոլոգիաների օգտագործման առումով, կոնկրետ մեզ շատ հետաքրքիր է, թե ֆրանսիական կողմը ինչպես է մտածում նմանատիպ ոլորտներում համագործակցության զարգացման առումով և համատեղ ձեռնարկությունների ստեղծման առումով»,-նշեց Հովիկ Մուսայելյանը:
2013 թվականին ՀՀ և Ֆրանսիայի ապրանքաշրջանառությունը կազմել է 26.1 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը' 21.8 միլիոն ԱՄՆ դոլար:
ՀՀ-ից Ֆրանսիա արտահանվող հիմնական ապրանքնատեսակներն են' իրեր բնական կամ արհեստական կաշվից, վերարկու, թիկնոց, անձրևանոց, բաճկոն, տղամարդու կոստյում, պիջակ, բլայզեր, տաբատ:
Ֆրանսիայից ՀՀ հիմնականում ներմուծվում են հետևյալ ապրանքնատեսակները' կշռածրարած դեղամիջոցներ, օծանելիք և հարդարաջուր, շիշ, բանկա, ամպուլա և այլ ապակե տարաներ:
ՀՀ-ում 2013-ին ֆրանսիական ներդրումները կազմել են 99.1 միլիոն ԱՄՆ դոլար: ՀՀ-ում ֆրանսիական կապիտալով գործում են ավելի քան 230 ընկերություններ բանկային, կրթության, առողջապահության, հեռահաղորդակցության, էներգետիկայի, խորհրդատվական ծառայության, տուրիզմի ոլորտներում: