ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել ոլորտում առկա մի շարք հարկային խնդիրներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր տեղեկատվական ոլորտում առկա հարկային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ:

 

Մասնավորապես, անդրադարձ է եղել ոլորտում դրամաշնորհային ծրագրերի հարկման, կրթական ծրագրերում ներդրումների հարկման, հարկային վարչարարության պարզեցման և մի շարք այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել գտնել առկա խնդիրների լուծման փոխադարձ ընդունելի տարբերակներ:

 

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրելյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական Արթուր Թունյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնյաներ: