Մալթայի մայրաքաղաքն առաջիկա երկու-երեք օրերին գլխավոր հարթակը կդառնա Եվրամիության գոյության ողջ պատմության ընթացքում նրա ամենալուրջ հիմնախնդիրներից մեկի՝ միգրացիոն ճգնաժամի լուծում գտնելու համար: Այստեղ՝ Վալետայի Միջերկրածովյան կոնֆերենց-կենտրոնում, նոյեմբերի 11-ին բացվում է ԵՄ-Աֆրիկա գագաթնաժողովը, որը նոյեմբերի 12-ի երեկոյան կշարունակվի բարձր մակարդակի երկրորդ հանդիպմամբ՝ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների արտահերթ նիստով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

ԵՄ-ի խորհրդում և Եվրահանձնաժողովում հանրակցության ներկայացուցիչները քանիցս ընդգծել են, որ Մալթայի գագաթնաժողովի առաջնահերթ խնդիրը միգրացիոն ճգնաժամի բույն պատճառների բացահայտումն է ու վերացումը: Հենց այս նպատակով են Վալետայում հավաքվում Եվրամիության երկրների և աֆրիկյան տասից ավելի պետությունների ղեկավարները, ինչպես նաև փախստականների հարցերով զբաղվող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունները, ներառյալ Աֆրիկյան միությունը և ՄԱԿ-ի ու ԵՄ-ի գործակալությունները: Նիստերում Բրյուսելը ներկայացնելու են Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի նախագահներ Ժան-Կլոդ Յունկերը և Դոնալդ Տուսկը, ինչպես նաև ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

 

«Եվրամիություն ժամանող միգրանտների թվաքանակն աննախադեպ է, և փախստականների հոսքի ավելացումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի: ԵՄ-ի ղեկավարները կհանդիպեն Աֆրիկայի երկրների իրենց գործընկերների հետ՝ քննարկելու միգրացիայի խնդիրը, պարզելու դրա բուն պատճառները: Գագաթնաժողովը կոչված է ընդգծելու, որ միգրացիոն ճգնաժամը երկրների ընդհանուր պատասխանատվությունն է»,- նշել են ԵՄ-ի խորհրդում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: