Թուրքիայի քրդաբնակ հարավարեւելյան տարածաշրջանում Դիարբեքիրի (Տիգրանակերտ) նահանգի Սիլվանի շրջանում քրդերը քանդել են կառուցվող ժանդարմական զորամասը եւ փակցրել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) Իմարլի բանտում ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանի դիմանկարը: Այս մասին հայտնում է թուրքական Demokrat Haber լրատվական կայքը:

 

Նշվում է, որ ժանդարմական զորամասը տեղակայվում էր Սիլվանի մոտ կառուցվող ջրամբարի անվտանգությունը պահպանելու նպատակով: Սակայն, շրջակա գյուղերի բնակիչները գտնում են, որ զորամասի նպատակը ոչ թե ջրամբարի անվտանգության ապահովումն է, այլ իրենց վրա ճնշում գործադրելը, ինչն իրենք թույլ չեն տա: Նրանք մի քանի օր տեւած բողոքի ակցիաներից հետո սկսել են քանդել կառուցվող զորամասի մոտ 1600 մ երկարությամբ եւ 2 մ բարձրությամբ տարածքի պատերը, տեղադրել «Կեցցե առաջնորդ Օջալանը» քրդերեն գրություն եւ փակցրել նրա դիմանկարն ու PKK-ի խորհրդանիշները:

 

Քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության (BDP) Դիարբեքիրի բաժանքունքի ղեկավար Զուբեյդա Զումրութը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները տարածաշրջանում իրենց վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով շատ վայրերում են փորձում ժանդարմական պահակակետեր եւ զորամասեր կառուցել, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել բնակչության շրջանում: «Իշխանությունների այդ քայլը չի համապատասխանում քրդական խնդիրը լուծելու մասին 1,5 տարի առաջ թուրքական կառավարության արած հայտարարություններին: Անհրաժեշտ է վերջ դնել ժանդարմ ական նոր պահակակետերի կառուցմանը եւ վերացնել գյուղական պահապանների համակարգը տարածաշրջանում»,- հայտարարել է նա: