Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի նահանգի Չինար գյուղի բնակիչները բռնել են Ադրբեջանի դրոշով գյուղի մոտի ճանապարհով Սիրիա ջիհադի գնացող անձի:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, գյուղացիները կասկածելի արտաքինով անձին հարցրել են, թե ուր է գնում, վերջինս էլ պատասխանել է. «Գնում եմ Սիրիա' ջիհադի»: Այդ անձի մոտ գյուղացիները հայտնաբերել են Ֆրանսիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունից ստացած' Ջիհան Մերսին անունով անձնագիր: Գյուղացիները նրան հանձնել են ժանդարմներին:

 

Թուրք ժանդարմները նրա պայուսակում հայտնաբերել են թուրքական Էլազիգ քաղաքում գրանցման մասին փաստաթուղթ, 2 բջջային հեռախոս, ձեռնաշղթա, թուրքերեն եւ ֆրանսերեն կրոնական ծայրահեղական գրականություն եւ փաստաթղթեր, գծագրեր, «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկների հագուստ, Ադրբեջանի, Պակիստանի եւ Թուրքիայի փոքր չափսի դրոշներ կպցրած ԻԼԻՊ-ի մեծ դրոշ: Անձը ձերբակալվել է: Ներկայում նա հարցաքննվում է' իրական ինքնությունը պարզելու համար:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն օրերս հայտնել էին ԻԼԻՊ-ի ջիհադականներին միանալու նպատակով Ադրբեջանից մոտ 40 ընտանիքներ Թուրքիայով Սիրիա մեկնելու մասին: Հայտնի է, որ Ադրբեջանի մոտ 500 քաղաքացի ԻԼԻՊ-ի շարքերում Իրաքում եւ Սիրիայում կռվում են կառավարական ուժերի դեմ: Ըստ ադրբեջանական մամուլի' 2014 թվականի սկզբից մինչ այժմ Սիրիայում արդեն 150-ից ավելի ադրբեջանցի ջիհադականներ են զոհվել: Իսկ Սիրիայում պատերազմի սկզբից մինչ այժմ սպանված ադրբեջանցի իսլամիստների թիվն անցնում է 300-ից: