Պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանի նախաձեռնությամբ Շիրինջե գյուղում երկար տարիների աշխատանքի արդյունքում վերանորոգված և վերականգնված «Նիշանյանի տներ» անունով հայտնի 16 շինությունները, որոնք հյուրանոցային ծառայություն են մատուցում, քանդվելու են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ակոս» պարբերականը, այս մասին որոշում է կայացրել Իզմիրի Մշակութային ունեցվածքի պաշտպանության տարածաշրջանային կառույցի տնօրինությունը:
Նիշանյանն ավելի վաղ այդ տները նվիրատվության միջոցով հանձնել էր թուրք գրող Ազիզ Նեսինի անվան հիմնադրամին: Հենց այս հիմնադրամին էլ Սելչուքի քաղաքապետարանը փոխանցել է քանդելու մասին ստացված որոշումը, որում նշվում է, որ դրանք «ապօրինի շինություններ են», հետևաբար ենթակա են «անհապաղ քանդման»: Բացի այդ, որոշման մեջ նշվում է, որ թեպետ քանդելու աշխատանքները կատարելու է Սելչուքի քաղաքապետարանը, սակայն դրա ծախսերը պետք է գանձվեն «Նեսին» հիմնադրամից: Մարտի 13-ին հարցի վերաբերյալ հանդիպում է անցկացվելու Սելչուքի քաղաքապետ Զեյնե լ Բաքըջըի հետ:
Թուրքիայում բնակվող հայազգի լեզվաբան, գրող, լրագրող, հրապարակախոս Սևան Նիշանյանը ծնվել է 1956 թվականին Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Պոլսի Պանգալթը թաղամասի հայկական Մխիթարյան վարժարանում: Սովորել է ԱՄՆ Յելի և Կոլումբիայի համալսարաններում: Աշխարհի տարբեր երկրներում գտնվելով' իր հուշագրությունները հանձնել է թղթին և գրքեր է հրատարակել: 1996 թվականին հաստատվել է Շիրինջե գյուղում, հիմնել հյուրանոց:
Բանտարկման առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ նա իր հողամասում կառուցել է մեկ հարկանի մի տնակ, որը համարվում է «ապօրինի շինություն», ինչպես նաև «ապօրինաբար» վերակառուցել է մի շարք շինություններ' պատմական տներ, բաղնիք, հյուրանոց: Թուրքական դատարանը Սևան Նիշանյանին 2013 թվականի դեկտեմբերի 12-ին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Այս ազատազրկմանն ավելացել է 13,5 ամիս ևս' «Մուհամեդ մարգարեին ծաղրելու» հիմնավորմամբ:
Նիշանյանն իր պատիժը հունվարի 2-ից կրում էր Իզմիր քաղաքի Թորբալը բանտում: Այնուհետև նրան տեղափոխել էին Իզմիրի Բուջա փակ բանտ: Այստեղ նա քնում էր բետոնե հատակին: Կարճ ժամանակ անց Նիշանյանի բանտային ոդիսականը շարունակվել էր, և վերջինիս տեղափոխել էին Ալիաղայի փակ բանտ: Վերջերս սկսվել է ստորագրահավաք' Նիշանյանի բանտային պայմանները բարելավելու և նրա դեմ տեղի ունեցող ճնշումները դադարեցնելու նպատակով: Հիմնվել է նաև «Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտե: