Թուրքիայում հայ լինելու համար շինծու մեղադրանքներով ձերբակալված պատմաբան, գրող, լեզվաբան, լրագրող Սեւան Նիշանյանի ազատազրկման ժամկետը եւս 4 տարի 7 ամիս ժամկետով երկարաձգվել է' հասցվելով 11 տարի 1 ամիս ժամկետով բանտարկության:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» թերթը' նշելով, որ թուրքական Վճռաբեկ դատարանը բավարարել է երեք տարբեր դատական գործերով նրա բանտարկության ժամկետը եւս 4 տարի 7 ամսով երկարաձգելու մասին դատարանի ընդունած նախկին որոշումը:

 

Ապրիլի 21-ին Ս. Նիշանյանը պետք է փակ բանտից տեղափոխվեր բաց բանտ, սակայն, այդ որոշումով, այժմ նա մինչեւ 2016 թվականը պետք է մնա փակ բանտում:

 

Թուրքիայում մինչ այժմ Ս. Նիշանյանի նկատմամբ մշակութային եւ բնական հուշարձանների պահպանության օրենքի խախտման մեղադրանքով 11 քրեական գործ է հարուցվել: Նրա փաստաբանների պնդմամբ, բոլոր քրեական գործերը միացնելու եւ մեկ դատական գործի շրջանակում պատիժ սահմանելու մասին բողոքին Թուրքիայի հանրապետական գլխավոր դատախազությունը դեռեւս չի պատասխանել:

 

Անդրադառնալով թեմային' թուրքական DemokratHaber կայքը գրել է, որ Ս. Նիշանյանի դեմ դատավարության եւ 1915 թվականին ձերբակալված եւ սպանված հայ մտավորականների միջեւ ոչ մի տարբերություն չկա:

 

Ս. Նիշանյանն ավելի վաղ բանտից նամակ էր հղել թուրքական իշխանություններին, որում հայտարարել էր, որ իրեն չեն կարող վախեցնել եւ ծնկի բերել:

 

Նամակում Ս. Նիշանյանը գրել էր. «Կարծում են, կարող են ինձ վախեցնել եւ ծնկի բերել: Չկարողացան: Հանրապետության ժամանակաշրջանում եւս շարունակաբար օգտագործելով նախկին բռնությունները' մտածեցին, թե հարյուր հազարավորներին այս վայրերից փախցրածների նման ինձ ևս կարող են հեռացնել այստեղից: Չկարողացան: Ձերբակալեցին եւ կարծեցին՝ կարող են ծնկի բերել: Չեն կարող…»:

 

Նամակում Ս. Նիշանյանը եւս մեկ անգամ նշել էր, որ իրեն ձերբակալել են ապօրինաբար, քանի որ ինքը Թուրքիայում այն հարյուր հազարավորներից մեկն է, ով առանց թույլտվության շինություն է կառուցել: «Ինչու՞ այդ հարյուր հազարավորներից միայն ինձ են պատժել: Երկրում ապօրինի շինարարություն միայն Նիշանյա՞նն է արել: Ես արել եմ այն, ինչ անում են բոլորը», -նշել էր նա: Նամակում Ս. Նիշանյանը մեկ անգամ եւս հավաստել էր, որ շարունակելու է քննադատել իշխանությունների թերությունները:

 

Ըստ DemokratHaber կայքի' Ս. Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը' հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը:

 

2014 թվականի հունվարից ազատազրկման մեջ գտնվող Ս. Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ օրենքով իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հյատնել է, որ Ս. Նիշանյանի ձերբայալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: