Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում էր կայացրել ապամոնտաժել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (առավել հայտնի է որպես «Դերժավայի Արկադ») առանձնատան պարսպի մի մասը, սակայն քաղաքապետի կողմից փետրվարի 25-ին ստորագրված որոշումը Համբարձումյանը բողոքարկել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արկադի Համբարձումյանի փաստաբան Արթուր Մարտիրոսյանը։
«Քաղաքապետարանի որոշումները բողոքարկել ենք, բողոքարկում ենք և բողոքարկելու ենք։ Բողոքում են պարոն Համբարձումյանի կառուցած պարսպի, ճանապարհի դեմ, մինչդեռ ճանապարհը բարեկարգվում է, իսկ պարսպի օրինականացման համար դիմել ենք դատարան, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել։ Այս պահին հայտնի չէ՝ քաղաքապետարանը օրինականացնո՞ւմ է, թե՞ մերժում։ Մինչև քաղաքապետարանի որոշում չստանանք՝ որևէ մեկը այն քանդելու նախաձեռնությամբ հանդես գալ չի կարող»,- ասաց նա։
Նշենք, որ «Լույսեր» ՓԲԸ-ի հիմնադիր Խաչիկ Սահակյանը, որը Համբարձումյանի առանձնատան հարևանությամբ բազմաբնակարան շենքեր է կառուցում, ահազանգել է քաղաքապետարան և հայտնել, որ Երևանի Դալմայի այգիներին հարող տարածքում գտնվող առանձնատան մի մասը առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման, փաստացի օգտագործվում ու տիրապետվում է։ Նա նշել է, որ հողամասը պատկանում է Երևան համայնքին և ծանրաբեռնված է քարե պարսպով, մետաղական ցանկապատով և ուղեփակոցով: Թեև քաղաքապետարանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շինությունը ենթակա չէ օրինականացման, սակայն Արկադի Համբարձումյանը դիմել է քաղաքապետարան, որպեսզի օրինականացնեն պարիսպը, քանի որ այն իր կողմից է կառուցվել։
Նկատենք, որ եթե այս դեպքում «Լույսեր» ընկերությունն է ահազանգել անօրինականության դեմ, ապա ամիսներ առաջ էլ Արկադի Համբարձումյանն էր դիմել դատարան՝ փորձելով արգելել ընկերության կողմից իրականացվող շինարարությունը՝ պատճառաբանելով, որ խախտվում է մարդու անձնական կյանքի իրավունքը, քանի որ կառուցվող շենքերից երևում է իր տան բակը։ Ինչ վերաբերում է այս առնչությամբ դատական վեճին, ապա փաստաբանը նշեց, որ դատարանը երկու որոշում ունի «Լույսեր» ընկերության կողմից իրականացվող շինարարությունը կասեցնելու վերաբերյալ, ինչը չի կատարվում։
«Ընկերությունը մինչ օրս շարունակում է շինաշխատանքները ու սա այն դեպքում, երբ շինարարությունը անհապաղ դադարեցնելու վերաբերյալ 6 անգամ ծանուցվել է քաղաքապետարանի կողմից, 2 անգամ՝ ոստիկանության։ Ընկերությունը թքած ունի դատարանի որոշման, ՀՀ օրենսդրության վրա։ Փաստացի կա դատարանի որոշում, բայց այն չի կատարվում։ Խաչիկ Սահակյանի ֆեյսբուքյան էջ մտնելիս կարելի է տեսնել, որ քայլական շարժումների ակտիվ մասնակիցներից է, ինչը թույլ է տալիս որոշ ենթադրություններ և հետևություններ անել։ Հաշվի առնելով «Լույսեր»-ի վարքագիծը, որով չեն ենթարկվում ո՛չ քաղաքապետարանի, ո՛չ դատարանի, ո՛չ ոստիկանության ծանուցումներին ու որոշումներին և դեռ օրուգիշեր շարունակում են շինաշխատանքները, Արկադի Համբարձումյանը կարծում է, որ նման լկտի ու սանձարձակ վարքագիծը խոսում է մեկ բանի մասին՝ այն է՝ գործող իշխանության կողմից պետական հովանավորչության։ Խաչիկ Սահակյանն իր անձնական զրույցների մեջ ասել է՝ քանի դեռ իշխանությունները կան՝ շինարարությունները չեն դադարեցնելու»,- ասաց փաստաբան Արթուր Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ «Լույսեր» փակ բաժնետիրական ընկերությունը Դալմայի այգիներում՝ Լենինգրադյան և Մոնթե Մելքոնյան փողոցների միջնամասում 16 և 18-հարկանի 4 շենքից բաղկացած համալիր է կառուցում։
Սոնա Հարությունյան