Թուրքիան որոշել է պետական գերբ հորինել: Նման առաջարկությամբ հանդես է եկել այդ երկրի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, եթե այդ առաջարկությունն ընդունվի, Թուրքիայի խորհրդարանում գերբի դիզայնի մշակման հանձնաժողով կստեղծվի:

 

Օսմանյան կայսրության փլուզումից հետո 1923 թվականին ստեղծված Թուրքիայի Հնարապետությունը պետական գերբ չի ունեցել: 1925 թվականին պետական գերբ ստեղծելու մրցույթ էր հայտարարվել, որը շահել էր գորշ գայլի (բոզ գուրդի) պատկերով դիզայնի հեղինակ Նամիգ Իսմայիլը, սակայն այդ գերբը պետական գրանցում չի ստացել:

 

Թուրքիան աշխարհում այն քիչ երկրներից է, որոնք պետական գերբ չունեն: Պետական գերբի փոխարեն Թուրքիայում օգտագործվում են տարբեր պետական կառույցների խորհրդանիշները: