Ավստրալիայի կառավարությունը պլանավորում է շուրջ 84 մլն դոլար ծախսել Malaysia Airlines ավիաընկերության՝ մարտին կորած Boeing-777-ը գտնելու համար: Այդ մասին մայիսի 13-ին հաղորդել է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը:

 

Ինչպես գրում է գործակալությունը, մայիսի 13-ին ավստրալական կողմի հրապարակած փաստաթղթերում երկրի բյուջեից այդքան գումար է հատկացվել կորած МН370 չվերթի որոնման համար: Բյուջեն ներառում է ընթացիկ ֆինանսական տարին, որն ավարտվում է հունիսի 30-ին, և գալիք տարին:

 

Նշվում է, որ որոնումների փաստական արժեքը կախված կլինի մի քանի գործոններից. ընդջրյա որոնումների անցկացման արժեքից, գործողության ժամկետից և այլ երկրների ներդրումից, որոնց թվում են Չինաստանը և Մալայզիան:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Malaysia Airlines ավիաընկերության կորած ինքնաթիռի որոնման գործողությունը կարող է դառնալ պատմության մեջ ամենաթանկերից մեկը. փորձագետների գնահատումներով՝ դրա արժեքը կգերազանցի 40 մլն դոլարը: Զինված ուժերի թագավորական ինստիտուտի (RUSI) տվյալներով՝ այդ գումարի մեջ են մտնում վառելանյութի, պահեստամասերի փոխարինման, նավերի մատակարարման և վերատեղաբաշխման ծախսերը:

 

Քուալա Լումպուր-Պեկին չվերթն իրականացնող Boeing 777-200 հանրանավը՝ 227 ուղևորներով և անձնակազմի 12 անդամներով, ներառյալ Չինաստանից 154 ուղևորները, ռադարների էկրաններից կորել է մարտի 8-ի գիշերը: Ենթադրվում է, որ ոչ ոք չի փրկվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: