ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իվան Վոլինկինին' ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդի ներկայացման կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Ս. Իշչենկոյին' Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման առիթով և շնորհակալություն հայտնել ՀՀ-ում իր առաքելությունն ավարտած ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Ա. Լոբովին:

 

Նույն օրը գեներալ-մայոր Ս. Իշչենկոյին ընդունել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվել են հետագա զարգացման ուղիները: