Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի կազմ Ուկրաինայի մտնելուն: Այդ մասին նա հայտարարել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում:

 

«Ուկրաինային ՆԱՏՕ մտցնելու փորձերը շատ բացասական կլինեն եվրոպական անվտանգության ողջ համակարգի համար, և մենք կտրականապես դեմ կլինեինք դրան:Դա կլինի ոչ միայն ուկրաինացիների և ՆԱՏՕ-ի հարցը, այլև հարց, որը կվերաբերի նաև Ռուսաստանին »,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

 

Լավրովը նաև հայտարարել է, որ Մոսկվան կոչ է անում հետաքննել Կիևի կողմից ՄԱԿ-ի խորհրդանշաններով ուղղաթիռների օգտագործումը երկրի հարավ-արևելքում ուժային գործողություն անցկացնելու ընթացքում: «Ցանկանում ենք հասկանալ, թե ինչպես են ՄԱԿ-ի լոգոտիպով ուղղաթիռներն օգտագործվել հարավ-արեւելքում բողոքի ակցիաների մասնակիցների դեմ»,-նշել է ՌԴ-ի ԱԳ նախարարը:

 

«Ուկրաինան ավելի քան երբևէ մոտեցել է քաղաքացիական պատերազմին»,-ընդգծել է Լավրովը:

 

Նրա խոսքով՝ մայիսի 25-ի նախագահական ընտրությունները չեն կարող օրինական լինել, քանի դեռ շարունակվում է բռնությունը: «Անկարելի է նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ հրաձգություն է ընթանում ականանետներից»,-արձանագրել է ՌԴ արտգործնախարարը:

 

Սերգեյ Լավրովը նաև կողմ է արտահայտվել ուկրաինական կոնֆլիկտի լուծման հարցով «կլոր սեղանին» բոլոր կողմերի մասնակցությանը։