Հունիսի 8-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ:


Գրանցված թեկնածուները չորսն են, որոնցից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանն է: Վերջինս ՀՀԿ-ական է, սակայն այս ընտրություններում ինքնաառաջադրվել է:

 

ՀՀԿ-ն քաղաքապետի ընտրություններում առաջադրել է «Հայջրմուղկոյուղու» Գորիսի տեղամասի տնօրեն Վաչագան Ադունցին, ում աջակցում է Սուրեն Խաչատրյանը՝ հայտնի Լիցկան, ով ՀՀԿ Սյունիքի տարածքային կառույցի ղեկավարն է:

 

Մյուս երկու թեկնածուները ևս ինքնառաջադրվել են, նրանցից Տիգրան Կարապետյանը, ով «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրենն է, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի շրջապատից է, և մարզպետն այս ընտրություններում կսատարի հենց նրան, իսկ մյուս թեկնածուն անկուսակցական, «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Ցոլյանն է:

 

Փաստորեն, Սյունիքի ընտրությունները խոստանում են բավականին հետաքրքիր լինել: Մի կողմից Սուրեն Խաչատրյանը կփորձի ի դեմս Ադունցի պահպանել իր դեռևս անսասան իշխանությունը Սյունիքում, մյուս կողմից նորաթուխ մարզպետ Վահե Հակոբյանը աշխատում է մարզը «իրենով անելու» և Սյունիքը հայր-որդի տանդեմի լիակատար իշխանության տակ ներքաշելու ուղղությամբ: Հետաքրքիր է, որ հայր և որդի Հակոբյանները ձեռնոց են նետում ամբողջ համակարգին և խաղում են սեփական խաղը, ինչը Գորիսի ընտրությունները դուրս է դնում զուտ ընտրական պրոցես լինելու երևույթից:

 

Եվ այսպես, անկախ հայտնի իրադարձություններից, Լիսկան շարունակում է վայելել Սերժ Սարգսյանի լիակատար աջակցությունը, և չնայած այն հանգամանքին, որ այլևս Սյունիքի մարզպետը չէ, ունի մարզում որոշումներ կայացնելու լիակատար մանդատ: Մյուս կողմից մարզը ղեկավարում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» «արքայազնը», ով հսկայական հարստության ժառանգորդ է և ժառանգել է ֆեոդալ դառնալու ոչ պակաս ախորժակ: Տարօրինակն այն է, որ փողի հոտից մարդկանց զգայարանները բթացել են և սկսել են ձեռնոց նետել այն համակարգին, որի քմահաճույքից է կախված դաշտում նրանց առկայությունն ընդհանրապես: Ակնհայտ խանդով վերաբերվելով Լիցկայի անսահման իշխանությանը և այն փաստին, որ Վահե Հակոբյանը փաստորեն մարզպետ է աշխատում Սուրեն Խաչատրյանի մոտ՝ հայր և որդի Հակոբյանները սկսել են սղոցել այն ճյուղը, որի վրա նստած են:

 

Փաստորեն, Սյունիքի մարզպետը և իր հայրը վա-բանկ են խաղում: Լոկալ, տեղային պատերազմները և պայքարը իշխանության վերաբաժանման համար կարող են վերածվել համակարգային հակամարտության: ՀՀԿ-ի կողմից Ադոնցին սատարումը, ըստ էության, Սերժ Սարգսյանի դիրքորոշման և կամքի արտահայտությունն է: Մարզպետի կողմից սեփական թեկնածուի առաջադրումը, բացի ակնհայտորեն Սուրեն Խաչատրյանին հակադրվելու փորձից, արդեն կարող է դառնալ Սերժ Սարգսյանին ձեռնոց նետելու փորձ:

 

Իսկ եթե մարզպետ Հակոբյանը, ի դեմս Լիցկայի, պատերազմ է հայտարարել Սերժ Սարգսյանին, դա, այսպես ասած, բժշկական փաստ է: Համակարգը շատ արագ խժռում է իր նմանատիպ զավակներին, և, կներեք արտահայտությանս, չի էլ «բխկում»...