Ադրբեջանի բանակի գեներալ Էլբրուս Օրուջեւվը նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության օպերատիվ վարչության պետ: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը' նշելով, որ ղարաբաղյան պատերազմի շրջանում Օրուջեւը ծառայել է առաջին գծում եւ եղել է Շուշիի ու Լաչինի պաշտպանության համար պատասխանատու ռազմական միավորման հրամանատարը:

 

Թերթը գրում է, որ ղարաբաղյան պատերազմի շատ մասնակիցներ Էլբրուս Օրուջեւին մեղադրել են ոչ պրոֆեսիոնալիզմի եւ դավաճանության մեջ, որոնք բացել են հայկական տանկերի եւ զինվորների ուղին դեպի Շուշին: Նա, որպես կասկածյալ, ներգրավված է նաեւ Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիեւի հետ կապված աղմկալից գործում: Սակայն իշխանության մեջ ունեցած կապերի շնորհիվ նա կարողացել է խուսափել այդ մեղադրանքներից եւ որպես պատիժ միայն հեռացվել է Բեյլագանի ռազմական ստորաբաժանման հրամանատարի պաշտոնից:

 

Թերթը զարմանք է հայտնում այն փաստի առիթով, որ երկու քաղաքների պաշտպանությունը տապալելու համար պատասխանատու գեներալն առանցքային պաշտոն է զբաղեցրել Ադրբեջանի ՊՆ-ում: Թերթը նաեւ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Զաքիր Հասանովի կողմից անցկացվող անհաջող կադրային նշանակումների եւ բարեփոխումների առնչությամբ:

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը Արկադի Տեր-Թադեւոսյանի հրամանտարությամբ 1992 թ. մայիսի 8-9-ին ազատագրել են Շուշին, որտեղից ադրբեջանական զորամիավորումները գնդակոծում էին Ստեփանակերտը: Ռազմական գործողության ընթացքում զոհվել են ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի 57 մարտիկ: Ադրբեջանական զորքերի կորուստը կազմել է 159 զինծառայող: