Ադրբեջանի բանակի գեներալ Էլբրուս Օրուջևը նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության օպերատիվ վարչության պետ: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը' նշելով, որ ղարաբաղյան պատերազմի շրջանում Օրուջևը ծառայել է առաջին գծում և եղել է Շուշիի ու Լաչինի պաշտպանության համար պատասխանատու ռազմական միավորման հրամանատարը:
Թերթը գրում է, որ ղարաբաղյան պատերազմի շատ մասնակիցներ Էլբրուս Օրուջևին մեղադրել են ոչ պրոֆեսիոնալիզմի և դավաճանության մեջ, որոնք բացել են հայկական տանկերի և զինվորների ուղին դեպի Շուշին: Նա, որպես կասկածյալ, ներգրավված է նաև Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևի հետ կապված աղմկալից գործում: Սակայն իշխանության մեջ ունեցած կապերի շնորհիվ նա կարողացել է խուսափել այդ մեղադրանքներից և որպես պատիժ միայն հեռացվել է Բեյլագանի ռազմական ստորաբաժանման հրամանատարի պաշտոնից:
Թերթը զարմանք է հայտնում այն փաստի առիթով, որ երկու քաղաքների պաշտպանությունը տապալելու համար պատասխանատու գեներալն առանցքային պաշտոն է զբաղեցրել Ադրբեջանի ՊՆ-ում: Թերթը նաև դժգոհություն է հայտնել Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Զաքիր Հասանովի կողմից անցկացվող անհաջող կադրային նշանակումների և բարեփոխումների առնչությամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանտարությամբ 1992 թ. մայիսի 8-9-ին ազատագրել են Շուշին, որտեղից ադրբեջանական զորամիավորումները գնդակոծում էին Ստեփանակերտը: Ռազմական գործողության ընթացքում զոհվել են ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի 57 մարտիկ: Ադրբեջանական զորքերի կորուստը կազմել է 159 զինծառայող: