ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը: Այս մասին հայտնում է svoboda.org-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

 

Օլանդն ու Օբաման համակարծիք են, որ եթե Ռուսաստանը շարունակի իր սադրիչ ու ապակայունացնող քաղաքականությունը, ապա կբախվի նոր պատժամիջոցների:

 

Օբաման բարձր է գնահատել Ուկրաինայի կառավարության ջանքերը՝ ուղղված մայիսի 25-ին ազատ ու արդար նախագահական ընտրություններ անցկացնելու միջոցով երկրի միավորմանը:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի ընկերությունների, գործարարների ու քաղաքական գործիչների նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում 2014թ. մարտից։ Պատճառը Ղրիմի միացումն էր Ռուսաստանին։ Այս պահին պատժացուցակում կա 45 անձ և 19 ընկերություն: