Արևմտյան երկրների առաջնորդները, ովքեր նոյեմբերի 15-16-ին հանդիպել են Թուրքիայում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակներում, պայմանավորվել են կես տարով՝ մինչև հաջորդ տարվա հուլիս, երկարացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով անանուն եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային: 

 

Գործակալության տվյալներով՝ որոշումն ընդունվել է՝ հաշվի չառնելով աճող կոչերը՝ ավելի սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Գագաթնաժողովի վերջում կարճատև հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին, ինչպես նաև Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, ով գագաթնաժողովում ներկայացրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: 

 

Ինչպես նշել է պաշտոնյան, առաջնորդները եկել են այն եզրահանգման, որ կարևոր է պահպանել Ռուսաստանի դեմ ճնշումները՝ Ուկրաինայի արևելքում նախատեսվող ընտրություններին ընդառաջ: «Ուկրաինայում ընտրությունները բարդ են լինելու: Մենք եզակի հնարավորություն ունենք ստանալու այն, ինչ ուզում ենք, եթե կիրառենք պատժամիջոցների քարտեզը: Ֆինանսական պատժամիջոցները պետք է պահպանվեն մինչև վերջ»,- ասել է պաշտոնյան՝ իր անունը չհրապարակելու պայմանով, քանի որ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է գաղտնի մնան, հստակեցնում է գործակալությունը: