ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի երկու անդամներ հանդես են եկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման նախաձեռնությամբ՝ Ուկրաինայի եւ Սիրիայի նկատմամբ նրա քաղաքականության, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների «կիբեռհամակարգեր ներխուժման» պատճառով: Այս մասին հայտնել է Bloomberg-ը:
Առաջարկությունը ներկայացրել են Սենատի բանկային կոմիտեի ղեկավար Մայք Քրեփոն՝ Այդահոյից, եւ կոմիտեում ավագ դեմոկրատ Շերոդ Բրաունը՝ Օհայոյից: Նրանց խոսքով՝ օրինագիծն ուղի կբացի նոր «լայնընդգրկուն» պատժամիջոցների սահմանման համար, որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի տնտեսության ճյուղերի դեմ, ներառյալ հանքարդյունահանման, մետաղագործական ճյուղերը, ինչպես նաեւ երկաթուղիները:
Փաստաթուղը նախատեսում է կատարողական հրամանագրերում հիշատակված պատժամիջոցների կոդավորում եւ խստացում: Խոսքը վերաբերում է այն սահմանափակիչ միջոցներին, որոնք ազդում են ռուսական էներգետիկական նախագծերի եւ տնտեսության հանգուցային հատվածներում պարտքի ֆինանսավորման վրա:
«Չնայած գոյություն ունեցող պատժամիջոցներին, Ռուսաստանը նախկինի պես թշնամական, կամակոր տերություն է, որը ծավալում է իր ռազմական գործունեությունը՝ կապված կիբեռ-տեղեկատվական լրտեսության հետ եւ առաջնորդվում է տնտեսական մարտավարությամբ, որը միտված է այն բանին, որ վնաս հասցնի ԱՄՆ-ին եւ սեպ խրի Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների միջեւ»,- ասված է կոմիտեի հայտարարության մեջ: