Շվեյցարիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. նոր միջոցառումները, մասնավորապես, վերաբերում են Ղրիմին և Սևաստոպոլին: Համապատասխան որոշումը, որն ուղղված է ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցների «շրջանցումը կանխելուն», երեկ՝ մարտի 6-ին, ընդունվել է Շվեյցարիայի դաշնային խորհրդի կողմից: Այս մասին հաղորդվում է հաստատության կայքում, փոխանցում է lenta.ru-ն:
Փաստաթղթում հստակեցվում է, որ Շվեյցարիայի կառավարությունը որոշում է ընդունել ևս 28 անուն ավելացնել արդեն գոյություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակում, որոնց հետ շվեյցարական կողմն «այլևս չի կարողանա գործնական հարաբերությունների մեջ լինել»:
Դրանց թվում են անհատներ և ինը ձեռնարկություն, այդ թվում՝ երգիչ և պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը, Ռուսաստանի պաշտպանության նախարարի երկու օգնականները, Պետդումայի փոխխոսնակը և այլք:
Դաշնային խորհուրդը շարունակում է հետևել Ուկրաինայի դրությանը և իրեն իրավունք վերապահում անհրաժեշտության դեպքում խստացնել պատժամիջոցները, ասվում է հաղորդագրությունում:
Մյուս գործիչները Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետությունների ղեկավարություններից են: