Կրեմլում չեն կարծում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը դրական ազդեցություն կունենա գլոբալ տնտեսության և միջազգային գործերի վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

«Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել: Մենք նախկինի պես համոզված ենք, որ դա մեր օրակարգի հարցն է: Միաժամանակ, մենք չենք կարծում, որ նման որոշումները կարող են ունենալ դրական ազդեցություն գլոբալ տնտեսության ու գլոբալ գործերի վրա՝ ընդհանուր առմամբ»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտնել էր, որ G7-ի երկրները համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

 

«Ռուսաստանի հարցով «Յոթնյակը» համաձայնել է հունիսին երկարաձգել պատժամիջոցները»,- ասել է Քեմերոնը Ճապոնիայում՝ G7-ի գագաթաժողովի շրջանակում հանդես գալով մամուլի ասուլիսով:

 

Բրիտանացի քաղաքական գործիչը նշել է, որ սահմանափակումները կշարունակվեն մինչև Մինսկի համաձայնագրերի լիակատար իրագործումը:
Ավելի ուշ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Յոթնյակի» հայտարարությունն անվանել էր «աբսուրդային»: Դիվանագետը հիշեցրել է, որ Մոսկվան ուկրաինական կոնֆլիկտի կողմ չէ:

 

Ռուսաստանի դեմ սահմանափակումների ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը ԵՄ-ն քննարկելու է հունիսի 28-29-ը կայանալիք գագաթաժողովի ժամանակ: