ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ Ռուսաստանին կոչ է արել միջազգային նպատակներն ու խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով: Մեկնաբանելով Դոնբասի ճգնաժամը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կողմ է պատժամիջոցները երկարաձգելուն, քանի դեռ ճգնաժամը չի լուծվել: Այս մասին գրում է Газета.Ru-ն:
Օբաման ցավում է, որ Ռուսաստանը Ղրիմի և Ուկրաինայի հարցում դիվանագիտական ճանապարհով չի առաջնորդվել, ինչի հետևանքով ԱՄՆ-ը ստիպված է եղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնել: Պատժամիջոցները, Օբամայի խոսքով, հանգեցրել են Ռուսաստանից մտավորականության արտագաղթին, ազգային արժույթի փլուզմանը ու տնտեսական նոր ճգնաժամի:
«Մենք չենք ուզում մեկուսացնել Ռուսաստանին: Մեզ պետք է ուժեղ Ռուսաստան, որպեսզի մենք միասին աշխատենք աշխարհի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- հայտարարել է Օբաման իր ելույթի ժամանակ:
ԱՄՆ նախագահը նշել է, որ առաջվա պես պնդում է հակամարտության դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը, քանի որ դրանում շահագրգռված են բոլոր կողմերը, մասնավորապես Ուկրաինան ու Ռուսաստանը:
«Դիվանագիտությունը շատ դժվար աշխատանք է: Արդյունքները երբեմն անբավարար են լինում ու քաղաքական առումով ոչ ժողովրդական, բայց խոշոր երկրների ղեկավարները պետք է գնան դեպի խնդրի դիվանագիտական լուծում»,- նշել է ամերիկյան նախագահը: