Հունվարի լույս 10-ի գիշերը Երևանում տեղացած առատ ձյան պատճառով երեկ և այսօր մայրաքաղաքի երթևեկությունը կաթվածահար էր եղել: Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանի պաշտոնյաները հեռուստատեսային ռեպորտաժներում հայտարարում են, թե գիշեր-ցերեկ մաքրում են Երևանի փողոցները, այն դեպքում, երբ դա անում են միայն «երևացող» վայրերում և «երևացող» ժամերին:
Մինչդեռ փողոցների սառցակալումը թույլ չտալու համար դրանք պետք է անընդհատ ռեժիմով մաքրվեին այն ժամանակ, երբ ձյուն էր տեղում: Ներկայացվող տեսանյութում կեսգիշերից մի քանի րոպե անց մեր թղթակիցն արձանագրել է, որ Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից մինչև Նորքի 5-րդ զանգված ընկած հատվածում ձնամաքրման կամ հակասառցակալման որևէ աշխատանք չի կատարվում: