Ռուսաստանը Գերմանիայի մերձավոր գործընկերն Է, եւ Մոսկվայի հետ լավ հարաբերությունները համապատասխանում են Եվրոպայի շահերին: Այդ մասին ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է գերմանական Leipzider Volkszeitung հրատարակությանը տված հարցազրույցում:

 

«Մեզ՝ գերմանացիներիս համար, Ռուսաստանը մերձավոր գործընկեր Է: Գերմանացիների եւ ռուսների միջեւ, ինչպես ԵՄ-ի ու Ռուսաստանի միջեւ, հաստատված են ընդգրկուն եւ հուսալի կապեր: Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները համապատասխանում են մեր շահերին»,-ասել Է նա:

 

Մերկելը նաեւ նշել Է, որ ինքը Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ կանոնավոր կերպով հաղորդակցվում Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ չի բացառել հնարավոր անձնական հանդիպումը: «Ներկա իրավիճակում անհրաժեշտություն կա որոշելու, թե երբ կկայանա մեր հաջորդ խոսակցությունը եւ այն արդյոք հեռախոսով կլինի, թե անձնական հանդիպման ընթացքում»,-հավելել Է ԳՖՀ-ի կանցլերը:

 

Նախօրյակին կայացած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի ճգնաժամային իրադրությունը, այդ թվում՝ մայիսի 25-ին պլանավորված նախագահական ընտրությունների կապակցությամբ: Կրեմլի մամուլի ծառայությունում նշել են, թե «հույս Է հայտնվել, որ սահմանադրական բարեփոխման գործընթացը եւ, Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) «ճանապարհային քարտեզին» համապատասխան, տարածաշրջանների հետ Կիեւի իշխանությունների սկսած երկխոսությունը կշարունակվեն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: