Ռուսաստանը Գերմանիայի մերձավոր գործընկերն է, և Մոսկվայի հետ լավ հարաբերությունները համապատասխանում են Եվրոպայի շահերին: Այդ մասին ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է գերմանական Leipzider Volkszeitung հրատարակությանը տված հարցազրույցում:
«Մեզ՝ գերմանացիներիս համար, Ռուսաստանը մերձավոր գործընկեր է: Գերմանացիների և ռուսների միջև, ինչպես ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև, հաստատված են ընդգրկուն և հուսալի կապեր: Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները համապատասխանում են մեր շահերին»,-ասել է նա:
Մերկելը նաև նշել է, որ ինքն Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ կանոնավոր կերպով հաղորդակցվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և չի բացառել հնարավոր անձնական հանդիպումը: «Ներկա իրավիճակում անհրաժեշտություն կա որոշելու, թե երբ կկայանա մեր հաջորդ խոսակցությունը և այն արդյոք հեռախոսով կլինի, թե անձնական հանդիպման ընթացքում»,- հավելել է ԳՖՀ-ի կանցլերը:
Նախօրյակին կայացած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի ճգնաժամային իրադրությունը, այդ թվում՝ մայիսի 25-ին պլանավորված նախագահական ընտրությունների կապակցությամբ: Կրեմլի մամուլի ծառայությունում նշել են, թե «հույս է հայտնվել, որ սահմանադրական բարեփոխման գործընթացը և, Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) «ճանապարհային քարտեզին» համապատասխան, տարածաշրջանների հետ Կիևի իշխանությունների սկսած երկխոսությունը կշարունակվեն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: