Լեհաստանի միացումը Եվրոմիությանը ռիսկային ծրագիր էր' բազմաթիվ խոչընդոտներով: Վարշավայում կարծում էին, որ անդամակցությունից հետո երկիրը կկորցնի իր ինքնիշխանությունը, սակայն պատմությունն այլ կերպ ընթացավ: 2004թ. Լեհաստանը անդամակցեց Եվրոմիությանն ու այսօր հանդիսանում է ԵՄ լուրջ քաղաքական խաղացող: Տեսակետը Հայսատանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկունն է: Եվրոպական միության ընդլայնման 10-րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկման ժամանակ դեսպանը նշեց, որ շատերը անհանգստություն եւ մեծ վերապահումներ ունեին Լեհաստանի անդամակցության հետ կապված, սակայն պատմությունը ապացուցեց, որ դա ամենահաջողված ծրագրերից մեկն է: Դեսպանի խոս քով, Վարշավայում դեռ հիշում են 80-ականները, երբ կյանքն անգույն էր, առանց հույսի եւ հավատի, եւ հենց այդ պատճառով, Լեհաստանը եղավ Արեւելյան գործընկերության հիմնադիրներից մեկը, որպեսզի արեւելյան երկրներն էլ նման փոխակերպում ունենան եւ, Լեհասանի հաջողությունը որպես օրինակ տեսնելով, հայացքներն ուղղեն դեպի Եվրոմիություն:

 

«Արևելյան գործընկերությունը նպատակ ունի նպաստել, որ փոխվեն երկրները, դառնան ավելի ժողովրդավար: Ազատությունն էժան տարբերակով ձեռք չի բերվում: Մենք պարտավոր ենք հոգ տանել այդ ազատության մասին»,- ասաց Զդիսլավ Ռաչինսկին:

 

Եվրոմիությունը վերպետական տնտեսական քաղաքական կառույց է, որի անդամ երկրներ են հանդիսանում Եվրոպայի 28 պետություն: Եվրոմիությունն ունի իր դրամական միավորը' Եվրոն եւ հանդիսանում է մեկ միասնական տնտեսական տարածք: Արեւելյան գործընկերություն ծրագրի մեկնարկը տրվել է 2009թ., որի նպատակն էր Արեւելյան վեց երկիրներին' Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Ուկրաինային, Մոլդովային եւ Բելառուսին ասոցացնել Եվրոմիության հետ եւ մոտեցնել այդ կառույցի չափանիշներին: