«Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած' ԴԱԻՇ խմբավորումը վերահսկողություն է հաստատել Դեր Զորի հարավում գտնվող Շուլա քաղաքի վրա, որը Սիրիայի ազատ բանակի և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման գլխավոր հենակետն էր:
Ինչպես հաղորդում արաբական լրատվամիջոցները, Դամասկոսի մերձակայքում գտնվող Մլիհե գյուղում սիրիական բանակի և ազատ բանակի միջև բախումների ժամանակ սպանվել է Սիրիայի ազատ բանակի ղեկավարներից Աբու Ահմադ ալ Ասասին: Զինյալներն սկսել են նահանջել գյուղից: Մյուս կողմից' սիրիական բանակը հաջողությամբ առաջ է շարժվում Համայի Մուրք գյուղի ուղղությամբ: Զինյալների հետ բախումների արդյունքում բանակը վերահսկողություն է հաստատել այնտեղ գտնվող 2 բարձունքների վրա:
Տեղեկություններ են ստացվել, որ Իդլեբում ոչնչացվել է զինյալներին պատկանող հրթիռների արտադրության գործարանը, զոհվել են այնտեղ գտնվող արտասահմանցի մասնագետները: Բացի այդ, բանակը Իդլեբի Մարաաթ ան Նուման գյուղում ապամոնտաժել է 2 ականապատ մեքենա:
Բախումները զինյալների դեմ շարունակվում են Քեսաբի մերձակայքում, մասնավորապես Չալմա լեռան մերձակայքում, որտեղ, ընդդիմադիր աղբյուրների տեղեկությունների համաձայն, ազգային պատշտպանական ուժերի տասնյակ անդամներ են զոհվել:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Զոհված հայերի թիվը մոտենում է 100-ին: