Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 24-ին Քյոլն ժամանել պատրաստվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել այցի ընթացքում «զուսպ» և «ողջամիտ» պահվածք դրսևորել: Passauer Neue Press-ին տված հարցազրույցում Մերկելն ասել է, որ ավելի վաղ Քյոլն և Բեռլին կատարած այցերի ժամանակ Էրդողանն իրեն դրան հակառակ կերպ է դրսևորել: «Հուսով եմ, որ շաբաթ օրը Էրդողանը Քյոլնում իրեն կպահի պատասխանատվության գիտակցությամբ և դյուրըմբռնողություն կդրսևորի», -ասել է նա:

 

Էրդողանին Քյոլնում «ողջամիտ» լինելու կոչ է արել նաև Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության Եվրոպայի Խորհրդարանի պատգամավոր Էլմար Բրոքը: Neue Osnabruker Zeitung թերթին տված հարցազրույցում Բրոքն ասել է, որ «Էրդողանը չի կարող Քյոլնը դարձնել տասնյակ հազարավոր թուրքերի խնդիրների փոխադրման վայր»: «Եթե Էրդողանը պետք է Գերմանիայում բևեռացման աճի պատճառ դառնա, ապա լավ կլինի, որ հրաժարվի շաբաթ օրն իր ազգակիցների առաջ ունենալիք ելույթից», -ասել է Բրոքը:

 

Գերմանիայի Սոցիալական միություն կուսակցության գլխավոր քարտուղար Անդրեաս Շոյերն էլ Die Welt թերթին տված հարցազրույցում, անդրադռնալով օգոստոսին Թուրքիայում անցկացվելիք նախագահական ընտրություններում Գերմանիայում բնակվող թուրք քաղաքացիների քվեարկությանը, պահանջել է, որ այդ քվեարկությանը հետևեն անկախ դիտորդներ:

 

Նշելով, որ ընտրությունները չպետք է վերածվեն «ցուցադրության», Շոյերն ասել է, որ իրենք կընդունեն միայն «Գերմանիայի տարածքում իրավական պետության և ժողովրդավարության հիմնարար արժեքներին միայն խիստ համապատասխան իրագործված ընտրության արդյունքը»: «Թուրքիայում վերջին զարգացումները պատճառ դարձան, որ մեզ մոտ կասկածներ առաջանան, թե Գերմանիայում անցկացվելիք քվեարկության գործընթացում կարող են ոտնահարվել այդ սկզբունքները», -ասել է նա:

 

Գերմանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Քյոլն կատարելիք այցին հնարավոր է Էրդողանը թուրք քաղաքացիների հետ հանդիպումը վերածի իր Թուրքիայի նախագահ ընտրվելու քարոզչության: