Այսօր' հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Դավիթ Անհաղթ և Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 22-ամյա Գագիկ Բաբալարյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 24 ՕՕ 118 համարանիշի և դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ ավտովարորդի կողմից վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 34 ՕP 210 համարանիշի ավտոմեքենաները: Վերջինիս վարորդը վթարից հետո դիմել է փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107» մակնիշի 34 ՕP 210-ի ուղևոր, Կամարակի 2-րդ նրբանցքի բնակիչ 23-ամյա Անդրանիկ Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց մեկնած քննչական խնբին Ա. Անտոնյանը հայտնել է, որ որպես դերասան աշխատում է «Շանթ» հեռուստաընկերությունում: