Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն մայիսի 26-ին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, թե կցանկանար հունիսի առաջին կեսին հանդիպում ունենալ Ռուսաստանի ղեկավարության հետ:

 

Նրա խոսքով՝ Ուկրաինայի Հարավ-արեւելքի իրադրության կարգավորումն «անհնարին Է առանց Մոսկվայի ներկայացուցչության»: «Ռուսաստանը մեր խոշորագույն հարեւանն Է»,-ընդգծել Է Պորոշենկոն:

 

Ուկրաինայի նախագահի կարգավիճակում իր առաջին արտասահմանյան այցը Պյոտր Պորոշենկոն մտադիր Է կատարել Լեհաստան: Նրա խոսքով՝ ուղեւորությունը կարող Է տեղի ունենալ հունիսի 4-ին:

 

Պորոշենկոն նշել Է, որ համապատասխան հրավեր Է ստացել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուց:

 

Ավելի վաղ նա հայտարարել է, թե ընտրությունների արդյունքները վկայում են, որ Ուկրաինայի ժողովուրդն ընտրություն է կատարել հօգուտ եվրաինտեգրացման: «Այսօրվա դրությամբ Ուկրաինայի եվրոպական ձգտման իրագործումը չափազանց կարեւոր է, եւ իշխանության բոլոր թեւերը պետք է իրենց գործունեության մեջ ղեկավարվեն Ուկրաինայի այդ վճռական կամքով»,- ասել է նա:

 

Պորոշենկոն ընդգծել է, որ այժմ գլխավոր խնդիրը խաղաղության ապահովումն է Ուկրաինայում: Դրա համար նա մտադիր է արդեն մոտ ժամանակներս ուղեւորվել Դոնբաս: «Իմ առաջին այցը կլինի Դոնբաս, որպեսզի խոսեմ մարդկանց հետ, այն մարդկանց հետ, ովքեր զենքի չեն դիմում եւ պատրաստ են բանակցել»,- հավելել է նա:

 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա, Պորոշենկոյի կարծիքով, դրանք ամենաբարդն են վերջին երկու հարյուր տարվա ընթացքում: Դրա հետ մեկտեղ նա այն կարծիքին է, որ գոյություն ունեն ձեւաչափեր, որոնք թույլ են տալիս լուծել Կիեւի եւ Մոսկվայի միջեւ կուտակված հիմնախնդիրները:

 

Իր հերթին, Մոսկվան պատրաստ Է երկխոսություն վարել Պյոտր Պորոշենկոյի հետ: Այդ մասին մայիսի 26-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Պատրաստ ենք համագործակցել Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ այն հարցերում, որոնք վերաբերում են «ճանապարհային քարտեզի» իրագործմանը,- ասել Է նախարարը:- Բայց ինչ վերաբերում Է Ուկրաինայի հետ հարաբերություններին, ես կասկածում եմ, որ այստեղ մեզ միջնորդ Է պահանջվում»:

 

Մոսկվան հուսով Է, որ Ուկրաինայի իշխանությունները կկատարեն ԵԱՀԿ-ի «ճանապարհային քարտեզը», ընդգծել Է Լավրովը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պետք Է փոխզիջումային համաձայնություններ գտնեն տարածաշրջանների համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: