ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի նախագահ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում: Հանրապետության նախագահը նշել է, որ Պողոսյան ընտանիքի հետ միասին' «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքո արդեն տարիներ շարունակ փորձ է արվում վերհանել Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կյանքի լավագույն ձեռքբերումները: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ այս գործընթացի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում Հայոց ցեղասպանության միջազգային ուսումնասիրության աշխատանքներին, ինչպես նաև հայ երիտասարդների ստեղծագործական ձգտումներին:

 

«Յուրաքանչյուր մրցանակ կարևոր առաքելություն ունի կատարելու: Ինչպես այս, այնպես էլ այլ մրցանակներն աշխատանքի հրապարակային ճանաչման միջոց և ձև են: Իսկ դա կարևոր է, քանի որ ստեղծագործողին հնարավորություն է տալիս համոզվելու, որ իր կատարած աշխատանքը գնահատվել է հանրության կողմից և հասել հասցեատերերին:

 

Յուրաքանչյուր ստեղծագործող իր գործը փորձում է ուղղել հավերժությանը: Աշխատանքը մարդուն այս աշխարհում հատկացված կարճ ժամանակահատվածը գերազանցելու, ասելիքը գալիք սերունդներին փոխանցելու կարևոր միջոց է: Սակայն ոչ պակաս կարևոր է ժամանակակիցների հետ երկխոսությունը: Այս առումով անկեղծորեն ցանկանում եմ, որպեսզի մրցանակակիրները կանգ չառնեն ձեռքբերված հաջողությունների վրա:

 

Սրտանց մաղթում եմ ձեզ, որպեսզի լինե՛ք արդյունավետ և նոր ստեղծագործական թռիչքներ արձանագրեք ձեր աշխատանքում: Հուսով եմ, որ ոգեշնչումը երբեք ձեզ չի լքելու, իսկ ձեր հետևողական ու նվիրված աշխատանքը գիտական, կրթական և մշակութային նոր հաջողություններ է բերելու Հայոց աշխարհին:

 

Սիրելի՛ բարեկամներ,

 

Առանձնահատուկ խորհուրդ կա նրանում, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելից մուտք գործելով՝ մենք ճանաչում ենք իսրայելցի գիտնական, պատմաբան Յահիր Աուրոնի վաստակը «Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու» անվանակարգով:

 

Հրեա ժողովրդի մեծագույն ներկայացուցիչներից շատերը միշտ հաղորդակից են եղել հայ ժողովրդի ցավին ու ողբերգությանը: Հնարավոր չէ թվարկել բոլոր այն նշանավոր հրեա մտավորականներին, ովքեր անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը: Բայց երկու անուն անպայման պետք է նշեմ:

 

Առաջինը, ավստրիացի հրեա Ֆրանց Վերֆելն է, ով իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով զգուշացնում էր, թե ինչ արհավիրք է սպասում Եվրոպայի հրեաներին: Երբեմն գեղարվեստական մտածողության մարդիկ գիտնականներից շատ առաջ են անցնում:

 

Երկրորդը, լեհ հրեա Ռաֆայել Լեմկինն է: Իրավաբան-գիտնական լինելով՝ նա ստեղծեց «ցեղասպանություն/գենոցիդ» եզրույթն ու դարձավ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին 1948-ի ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիմնադիր հայրը: Պատահական չէ, որ Լեմկինն ասում էր, թե այդ աշխատանքը կատարելիս՝ նա մտովի անդրադառնում էր երկու համաշխարհային պատերազմների ընթացքում հայերի և հրեաների ապրած աղետներին:

 

Դուք, հարգելի՛ պարոն Աուրոն, Ձեր աշխատանքով, կանգնում եք Հայաստանի և հայ ժողովրդի համար այդ երկու նվիրական մարդկանց հետ նույն շարքում: Դուք՝ Ձեր ողջ գիտական վաստակով, պայքարում եք Հայոց ցեղասպանության ուրացման դեմ: Ես շատ ուրախ եմ, որ Իսրայելի և հրեական սփյուռքի ներկայացուցիչները պայքարում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Շատ լավ է, որ չնայած բոլոր դժվարություններին, Դուք չեք հրաժարվում Ձեր նախորդների վեհ գաղափարներից:

 

Սիրելի՛ բարեկամներ,

 

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ: Մաղթում եմ քաջառողջություն, ցանկանում եմ, որպեսզի ձեր հետագա գործունեությունը նշանավորվի նոր ձեռքբերումներով: Մաղթում եմ խաղաղություն ձեզ և ձեր ընտանիքներին ու հարազատներին, ինչպես նաև նոր նշանակալի գործեր՝ հանուն Հայաստանի, հայ ժողովրդի և ողջ մարդկության»,-մրցանակակիրներին ուղղված իր խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը»:

 

ՀՀ Նախագահի հրամանագրով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2013 թվականի մրցանակ է շնորհվել Ամատունի Վիրաբյանին և Գոհար Ավագյանին' «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ (1916-1917թթ.)» հայերեն եռահատոր փաստաթղթերի ժողովածուի և նույնանուն անգլերեն հատընտիր ժողովածուի համար և Յահիր Աուրոնին (Իսրայել)' «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» գրքի և երկարամյա գիտական գործունեության համար:

 

Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակ է շնորհվել բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Եվգենի Մասախլիսովին, Շուշանիկ Տոնոյանին և Վլադիմիր Մորոզովին' «Կոնֆորմացիոն անցումների տեսությունը կենսաբանական մակրոմոլեկուլներում» գիտական հոդվածների շարքի համար:

 

Տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Սուրիկ Խուդավերդյանին, Վլադիմիր Առուստամյանին, Ժաննա Դոխոլյանին, Մանե Խաչատրյանին և Ստեփան Ծատուրյանին՝ «Օպտիկական ազդանշանի սպեկտրային վերլուծության նոր, բազմանպատակ կիսահաղորդչային սենսոր» գիտական հոդվածների շարքի համար:

 

Ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Ալբերտ Կիրակոսյանին, Արշակ Վարդանյանին, Մանուկ Բարսեղյանին և Վռամ Մուղնեցյանին' «Կիսահաղորդչային նանոհամակարգերում քվազիմասնիկային վիճակների և դինամիկական բնութագրերի կառավարում ֆիզիկական գործոններով» գիտական հոդվածների շարքի համար:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել արվեստի բնագավառում՝ Գոռ Գյուրջյանին' «Հաղթահարում» գեղանկարի համար և Ժաննա Նազարյանին և Ռազմիկ Նազարյանին' «Այստեղ մեր կողքին» վավերագրական ֆիլմի համար, գրականության բնագավառում՝ Մանե Գրիգորյանին' «Ցուրտ կին» բանաստեղծությունների ժողովածուի համար:

 

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել «Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Լուիզա Երեմյանին, Սերգեյ Սարգսյաին և Գրիգոր Աբրահամյանին, «Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Ժորա Սարգսյաին (դաշնամուր):