Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժամանակավոր կառավարության ղեկավար Դենիս Պուշիլինը դիմել է Ռուսաստանին օգնություն ցույց տալու խնդրանքով և հայտարարել է, որ ԴԺՀ-ն անցնում է ռուսաստանյան օրենսդրության: Այս մասին ասված է համացանցում զետեղված նրա տեսաուղերձում:

 

Նրա խոսքով' նկատի առնելով բարդ իրադրությունը' Դոնեցկը կարող է հայտնվել հումանիտար աղետի եզրին: «Ուստի մենք հարկադրված ենք դիմել ամբողջ ռուս ժողովրդին՝ հնարավոր ցանկացած օգնություն ցույց տալու խնդրանքով»,- ասել է նա:

 

«Այդուհանդերձ և չնայած այն բանին, որ մենք շարունակում ենք կառուցել քաղաքացիական ինստիտուտներ, ես հայտարարում եմ, որ մենք անցնում ենք ռուսաստանյան օրենսդրությանը: Դա հարկադրական և անհետաձգելի միջոց է»,- իր ուղերձում ասել է Պուշիլինը:

 

Նախօրյակին Դոնեցկում տեղի է ունեցել ուժայինների հատուկ գործողություն: Դոնեցկի օդանավակայանում ցերեկային մարտից հետո աշխարհազորայինների ուժերն ուկրաինական օդուժի հարվածների ներքո նահանջել է քաղաքի խորքը: Ազգային գվարդիայի ջոկատներն սկսել են առաջ շարժվել դեպի քաղաքի կենտրոն: Աշխարհազորայինները նրանց ճանապարհը փակել են ավտոմեքենաներով: Այնուհետև սկսվել է փոխհրաձգություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: