Կառավարությունը պետք է գործի թափանցիկ և հասկանա, որ իր կողմից ցանկացած բյուջեի կատարում ենթակա է Ազգային ժողովի վերահսկողությանը: Այս մասին Ազգային ժողովում 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: «Այն օրվանից, ինչ ես նշանակվել եմ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ինձ հարցնում են, թե ինչու պետք է մենք ներկայացնենք նախորդ կառավարության պետական բյուջեի կատարողականը: Իմաստն այն է, որ ցանկացած կառավարություն պետք է գիտակցի, որ բյուջեի ցանկացած կատարում լինելու է Ազգային ժողովի վերահսկողության տակ»,- ասաց նա:

 

Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ բյուջեի կատարողականը հաստատելու կամ չհաստատելու գաղափարը գալիս է ապացուցելու' կառավարությունն արդյոք վայելո՞ւմ է Ազգային ժողովի վստահությունը… «Կապ չունի, որ ներկայացնում ես նախորդ կառավարության կատարողականը, սա լավ առիթ է հասկանալու' արդյոք վայելո՞ւմ ես խորհրդարանի վստահությունը, թե ոչ»,- ընդգծեց Հարությունյանը: