Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է նախօրեին հակառակորդի նախաձեռնած դիվերսիոն գործողությանը: Սարդարապատում լրագրողների հետ զրույցում Օհանյանը նշեց, որ նման գործողությունները սովորաբար տեղի են ունենում հատուկ օրերի: «Նրանք փորձ են անում խախտել հրադադարը' դիվերսիոն-հետախուզական գործողություններով: Նախօրեին նման դեպք է եղել ԼՂՀ պաշտպանության բանակի շփման գծում: Դիրքապահները կար ողացել են արժանի հակահարված տալ»,- ասաց նախարարը:
Օհանյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմն արժանի հակահարված է ստացել' տալով զոհեր և վիրավորներ: «Ցավոք մենք էլ ունենք մեկ զոհ և վիրավորներ: Իսկ վիրավորների վիճակը բավարար է: Փառք ու պատիվ բոլոր տղաներին, որ պատրաստ են զոհել իրենց երիտասարդ կյանքը' հանուն մեր երկրի անվտանգության»,- նշեց նախարարը:
Նա ընդգծեց, որ հակառակորդը նման դեպքերում միշտ փորձում է ներկայացնել, որ խախտումը եղել է հայկական կողմից: Սեյրան Օհանյանը հավելեց, որ վերջին շրջանում որոշակի լարվածություն կա շփման գծում: Նախարարի խոսքով՝ դրա պատճառն այն է, որ Ադրբեջանը չի հասկանում՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ապահովել հրադադարի պայմանների պահպանում, վստահության եզրերի ամրապնդում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նաեւ տեղեկացրել է, որ դիվերսիոն փորձի վերլուծությունը ցույց է տվել, որ հակառակորդը կրկին գործել է իր այսպես կոչված «գերարհեստավարժների» միջոցով։ Եվ հայկական զինուժի շարքային զինվորները կրկին հաղթող են դուրս եկել դրանց դեմ' սպանելով անգամ նրանց դիվերսիոն խմբի հրամանատարին:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը' ժամը 02:55-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայինների ն դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: