Միացյալ Նահանգներն անհանգստացած է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններից, բայց այն կարծիքին է, որ չարժե ուռճացնել միջազգային անվտանգության համար դրանց նշանակությունը պոտենցիալ սպառնալիքի տեսանկյունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս կարծիքը հայտնել է Ազգային հանրային ռադիոյին (NPR) տված հարցազրույցում, որն ամբողջությամբ կհաղորդվի մայիսի 29-ին: Իսկ նախօրյակին ռադիոընկերությունն իր կայքում նյութ է հրապարակել՝ շարադրելով զրույցի առանձին հատվածներ:
Նախօրյակին ավելի վաղ, Նյու Յորքի նահանգում ելույթ ունենալով Վեստ Պոյնտի ռազմական ակադեմիայի շրջանավարտների առջեւ, Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների գործողությունները հանգեցրել են Ռուսաստանի միջազգային մեկուսացման: «Հանրային կարծիքը ձեւավորելու մեր հնարավորությունները թույլ տվեցին արագորեն մեկուսացնել Ռուսաստանին,- ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը:- ԱՄՆ-ի առաջատարության շնորհիվ աշխարհն առանց հապաղելու դատապարտեց Ռուսաստանի գործողությունները: Եվրոպան եւ «յոթնյակը» միացան մեզ պատժամիջո ցների կիրառման հարցում»:
Օբամայի կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է առաջատար դեր խաղա աշխահում՝ հենվելով, մասնավորապես, իր զինված ուժերի վրա: «Իմ եզրակացությունն այս է՝ համաշխարհայինա սպարեզում Ամերիկան միշտ պետք է բոլորին իր հետեւից տանի: Եթե մենք չստանձնենք այդ դերը, ապա այն կվերցնի մեկ ուրիշը»,- նշել է Օբաման: Նա նաեւ ընդգծել է, որ «զինված ուժերը միշտ կլինեն այդ առաջատարության հիմքը»,- հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: