Հայաստանի համար պարտադիր է կենսաթոշակային համակարգ ունենալը, պարտադիր է պետության պարտավորությունը իր քաղաքացիներին կենսաթոշակով ապահովել, պարտադիր է բոլոր կողմերի մասնակցություն համակարգին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե շատերի համար շարունակում է անհասկանալի մնալ «պարտադիր, բայց ոչ պարտա դրված արտահայտությունը»: «Այս առումով կարծում եմ, որ երկրորդ կարծիք կամ մոտեցում չկա, քանի որ կենսաթոշակային ապահովության խնդիրների լուծումը յուրաքանչյուր սոցիալական պետության հիմնարար պարտականություններից մեկն է»,- ասաց նա:
Նախարարն ընդգծեց, որ բնական է, որ պետական բյուջեի միջոցները գոյանում են գործատուների և աշխատողների կատարած վճարումներից և նույնիսկ մինչև բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում գոյություն ուներ կենսաթոշակային պարտադիր համակարգ, երբ յուրաքանչյուր աշխատող իր աշխատավարձից վճարում էր 3 տոկոս սոցիալական ապահովության վճար: «Սակայն հետագայում որևէ մեկը այդ վճարումների հետագա ճակատագրի մասին տեղեկատվություն չուներ, որովհետև դա գանձվում էր պետական բյուջե, և բյուջեի հարկային եկամուտների շրջանակներում իրականաց վում էին ծախսեր»,- ասաց նա՝ հավելելով, որ պարտադիր կենսաթոշակային համակարգ ունենալը պարտադիր է:
Երբ կառավարությունը խոսում է, ոչ պարտադրված լինելու մասին, ակնհայտ է մի բան. այն խնդիրները, որոնք արձանագրվել են այս ընթացքում քաղաքացիների և հասարակության կողմից, կառավարությունը դրանց ականջալուր է եղել և, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը, պետք է իրականացվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ: «Այն խնդիրները, որոնք առաջադրված են եղել, նոր օրենքում պետք է ունենան լուծումներ և ընդունելի լինեն հասարակության բոլոր շերտերի համար»,- ասաց Ասատրյանը:
Հարցին, թե քանի՞ հոգի են այս պահին դիմում գրել և հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելուց, նախարարը նշեց, որ դիմումներին ընթացք է տրվում էլեկտրոնային եղանակով: «Երբ ունենանք այդ տեղեկատվությունը, կտրամադրենք նաև ձեզ: Այս պահին մենք այդ մասին տեղեկատվություն չունենք»,- ասաց նա:
Նախարարը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ կընդունվեն բոլոր այն քաղաքացիների դիմումները, ովքեր պարտադիր կուտակային համակարգին մասնակցելուց կհրաժարվեն: Նա նշեց, որ համապատասխան օրենքն արդեն ուժի մեջ է մտել, և բոլոր նման դիմումներն ընթացք են ստանալու: